ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անհասկանալի թվաբանություն

Անհասկանալի թվաբանություն
03.03.2009 | 00:00

ԹՎԵՐԻ ԼԵԶՎՈՎ
Առևտրի համաշխարհային կազմակերպության և Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն, 2009-ի հունվարի 1-ից Հայաստանի գյուղատնտեսությունը հարկվում է ավելացված արժեքի հարկով: Ելնելով դրանից` ամիսներ առաջ ԱԱՀ-ի մասին օրենքում կատարվել է լրամշակում, այն է` 58,35 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող գյուղացիական տնտեսությունները կհարկվեն այդ հարկատեսակով: Անդրադառնալով այս խնդրին` վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ԱԱՀ-ով կհարկվի գյուղացիական տնտեսությունների 20 տոկոսը, այսինքն` յուրաքանչյուր հինգերորդը։ Արդյունքում հարկատու գյուղացիական տնտեսությունների թիվը, ըստ վարչապետի, կազմելու էր 68 հազար, քանի որ վերջին տվյալներով հանրապետությունում նման տնտեսությունների թիվը հավասարվել է 340 հազարի: Ստացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող յուրաքանչյուր հինգերորդ տնտեսություն տարեկան ապահովում է ավելի քան 175-180 հազար դոլարի շրջանառություն: Այլ կերպ ասած, երկրագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվող յուրաքանչյուր հինգերորդ տնտեսություն ամսական միջին հաշվով ապահովում է 14-15 հազար դոլարին համարժեք եկամուտ: Փաստենք, որ նման եկամուտ այսօր չեն կարողանում ապահովել հայաստանյան չափանիշներով գործող միջին բիզնեսի ներկայացուցիչներն անգամ, էլ ուր մնաց մի կերպ գոյատևող գյուղացիական տնտեսությունները (չմոռանանք, որ հանրապետությունում միջին աշխատավարձը 90 հազար դրամից քիչ ավելի է, մինչդեռ պաշտոնական վիճակագրությամբ գյուղատնտեսությունում այդ թիվը հազիվ 75 հազար դրամի է հասնում): Հարց է ծագում` նման եկամուտների դեպքում գյուղն ինչո՞ւ է դատարկվում, մարդիկ ինչո՞ւ են հեռանում նույնիսկ Արարատյան դաշտավայրից: Ինչևէ: Ինչպես նշում են գյուղատնտեսության նախարարության և պետեկամուտների կոմիտեի պատասխանատուները, հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող տնտեսությունների ընդհանուր թիվը տատանվելու է հազիվ 200-500-ի միջակայքում, իսկ 500-ը 68 հազարին այնքան էլ համադրելի թիվ չէ։
Հասկանալի է, որ թե՛ վարչապետը, թե՛ տնտեսական ոլորտի մյուս պատասխանատուներն ի վիճակի չեն տնտեսությանը վերաբերող թղթապանակի ամբողջ թվային ինֆորմացիային տիրապետելու, բայց որ 2008-ին 340 հազար գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունքում ստեղծված համախառն արդյունքը, նույնն է թե` գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2 մլրդ դոլարից քիչ ավելի է, դա ուղղակի պարտավոր էին իմանալ։ Նախ, տնտեսության ճյուղերը վեց-յոթն են, և գյուղատնտեսությունն էլ զբաղվածության առումով առաջինն է (այստեղ աշխատում է հանրապետության ակտիվ բնակչության ավելի քան 40 տոկոսը)։
Պարզից էլ պարզ է, որ պաշտոնական թվեր հրապարակելուց առաջ հանրապետության առաջին դեմքերը պատկան մարմիններից ստանում են համապատասխան ինֆորմացիա ու խորհրդատվություն, սակայն մեր հարցմանն ի պատասխան տեղեկատվության բոլոր հնարավոր աղբյուրները հրաժարվեցին ընդունել, թե իրենք են այդ թվերը տրամադրել վարչապետին: Մինչդեռ հասարակությունը շատ զգայուն է արձագանքում բարձրաստիճան պաշտոնյաների ցանկացած հայտարարության, առավել ևս, երբ դրանք վերաբերում են թանկացումներին, հարկերի բարձրացմանը կամ աշխատատեղերի կրճատմանը: Ինչպես ասում են, մարդկանց տառապանքը փորձ ունի:
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5337

Մեկնաբանություններ